infocom.am | Մեղուների «ներքին թիմակիցները»՝ թունաքիմիկատների դեմ պայքարում | Հանրագիտ

Նելլի Վարդազարյան

‍

Մեղուները միայն մեղր չեն տալիս։ Նրանք փոշոտում են միրգ-բանջարեղենի ու ընդեղենի զգալի մասը։ Սակայն վերջին տասնամյակում մեղվաընտանիքների տարեկան կորուստները բարձր են․ Եվրոպայում և ԱՄՆ-ում որոշ տարիներին դրանք հասել են 30–45 %-ի։ Նրանց առողջության համար կարևոր են նաև աղիքում ապրող մանրէները։

‍

Ես ու գործընկերներս՝ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտից (ՀԿԻ), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից և Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Շվեդիայի և Նիդերլանդների  գործընկերների հետ համատեղ համադրել ենք աշխարհի յոթ տարածաշրջաններից հավաքված մեղուների աղիքի մանրէների տվյալները՝ ներառելով նաև հայկական նմուշներ, որոնք առաջին անգամ են ընդգրկվում նման վերլուծության մեջ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հրատարակչության Scientific Reports ամսագրում։

‍

Հայկական մեղուների հետքերով

‍

Այս հետազոտության պատմությունը սկսվել է ԵՊՀ-ից։ Կենսաբան Ինգա Բազուկյանը տարիներ շարունակ ուսումնասիրում էր հայկական մեղուներին՝ հավաքելով նմուշներ Հայաստանի տարբեր մարզերից։ Նա դիմեց ՀԿԻ-ին՝ առաջարկելով միասին վերլուծել այդ տվյալները։ Այդպես ես ներգրավվեցի այս աշխատանքում, իսկ հետագայում դարձա հոդվածի առաջին հեղինակը։

‍

Մենք սկսեցինք հայկական նմուշներից, բայց շուտով հասկացանք, որ մեկ երկրի տվյալները բավարար չեն մեծ եզրակացություններ անելու համար։ Այդ ժամանակ որոշեցինք ուսումնասիրել, թե ինչ են արել այլ երկրների գիտնականները, և հայաստանյան մեղուների տվյալները ներառել համաշխարհային տվյալների բազայում։

‍

Մեր խմբի ղեկավար Լիլիթ Ներսիսյանը նախկինում արդեն աշխատել էր մանրէների տվյալների հետ, բայց այս տեսակի վերլուծությունը մեզ համար նոր էր։ Ես ստանձնեցի այդ ուղղությունը և իմ վրա վերցրի մանրէների տվյալների վերլուծությունն ու աշխատանքի մեծ մասը։ Հետազոտության որոշ փուլերում ինձ օգնում էր նաև գործընկերս՝ Լուսինե Ադունցը։  Համագործակցում էինք նաև Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի և Նիդերլանդների Ուտրեխտի ու Վահենինգենի համալսարանների գործընկերների հետ։

‍

Ամենադժվարը տարբեր երկրների տվյալները միմյանց հետ համեմատելն էր, քանի որ յուրաքանչյուր հետազոտականխումբ իր նմուշները հավաքել և վերլուծել էր տարբեր մեթոդներով։

‍

Ուստի, հետազոտական աշխատանքին զուգահեռ սկսեցի ուսումնասիրել ու սովորել մանրէների տվյալների հետ աշխատանքի նրբությունները և տարբեր տվյալները համադրելի դարձնելու եղանակները։ Երբ տվյալները վերջապես համադրվեցին, սկսվեց բուն վերլուծությունը։

Մեղուների նմուշառում Սյունիքից մինչև Սևանի ափեր

‍

Նմուշառումն անհնար կլիներ առանց մեղվաբույծների օգնության։ Նրանց գտնելու համար Ինգա Բազուկյանը դիմեց «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնին, որը միավորում է հայ մեղվաբույծներին։ Համայնքի միջոցով նա կապ հաստատեց տարբեր մարզերի մեղվաբույծների հետ, որոնք էլ տրամադրեցին մեղուներ իրենց այն փեթակներից, որոնք, մեղվաբույծների տվյալներով, թունաքիմիկատներով չէին մշակվել։

‍

Հայկական մեղուների նմուշները հավաքվել են տարբեր տարիներիընթացքում՝ 2017, 2020 և 2023  թվականներին։ Նմուշառումն իրականացվել է տարվա երեք եղանակներին՝ գարնանը, երբ մեղուները նոր են դուրս գալիս ձմեռումից, ամռանը՝ ծաղկման ամենաակտիվ շրջանում, և աշնանը, երբ փեթակները պատրաստվում են ձմեռմանը։

‍

Մեղուները հավաքվել են Հայաստանի տարբեր ծայրերից՝ բնակավայրերից, դաշտերից, լեռներից, Սևանա լճի ափամերձ հատվածներից։

Մեղուների «ներքին թիմակիցները»՝ թունաքիմիկատների դեմ պայքարում | Հանրագիտ
Մեղուների նմուշառումը մեղվանոցում․ լուսանկարում՝ Ինգա Բազուկյանը

‍

Հավաքված մեղուները տեղափոխվել են ԵՊՀ դոցենտ Ինգա Բազուկյանի լաբորատորիա, որտեղ էլ դրանց աղիքներն առանձնացվել են հետազոտության համար։

‍

Այնուհետև 5-6 մեղվի աղիքները միավորել են մեկ հետազոտական նմուշում։ Այս եղանակով պատրաստվել և վերլուծվել է հայկական 21 նմուշ։

‍

Մեղվի աղիքը շատ փոքր է, թափանցիկ ու փափուկ, ուստի այն հեռացնելը նեյրովիրաբուժական միջամտության է նման։ Դա շատ նուրբ աշխատանք է, որը մեծ ճշգրտություն ու համբերություն է պահանջում։ Աղիքը պետք է ամբողջությամբ դուրս բերել վիրաբուժական գործիքներով՝ առանց պատռելու, զգույշ ու մանր շարժումներով։ Եվ այդպես՝ յուրաքանչյուր մեղվի համար։

‍

Մեղուն և նրա «ներքին թիմը»

Մեղվի աղիքում ապրում են հարյուր միլիոնավոր բակտերիաներ, որոնք միասին կոչվում են միկրոբիոմ։ Պատկերացրեք՝ մեղվի աղիքը փոքրիկ գործարան է, որտեղ ամեն բակտերիա իր գործն ունի․ մեկը մարսում է ծաղկափոշու կոշտ թաղանթը, մյուսը տրոհում է այն շաքարները, որոնք մեղուն ինքը չի կարող մարսել, երրորդը հսկում է՝ հեռու պահելով վնասակար մանրէներին։

‍

Մեղուներն այս հարցում հետաքրքիր են։ Մարդու աղիքում կան բակտերիաների հարյուրավոր տեսակներ, իսկ մեղվի աղիքը հիմնականում «բնակեցված» է ընդամենը մի քանի մշտական խմբերով։ Սա այնքան պարզ ու կայուն համակարգ է, որ գիտնականները մեղվին հաճախ օգտագործում են որպես «մոդելային օրգանիզմ»՝ հասկանալու համար, թե ինչպես են մանրէներն ազդում իրենց տերերի առողջության վրա։

‍

Իսկ ի՞նչ է լինում, երբ այս թիմը խաթարվում է։ Հակաբիոտիկները դեղեր են, որոնք ոչնչացնում են բակտերիաները։ Սակայն դրանք չեն տարբերում վնասակար բակտերիաները օգտակարներից և վարակի հետ միասին ոչնչացնում են նաև աղիքի «լավ» բակտերիաները։ Ահա թե ինչու հակաբիոտիկների երկար կուրսից հետո մարսողությունը հաճախ վատանում է, իսկ օրգանիզմն ավելի խոցելի է դառնում նոր վարակների նկատմամբ, քանի որ օգտակար բակտերիաների ազատած տեղը հեշտությամբ զբաղեցնում են վնասակար մանրէները։

‍

Նման բան տեղի է ունենում նաև մեղուների դեպքում։ Երբ աղիքի բակտերիաների հավասարակշռությունը խախտվում է, մեղուն ավելի վատ է մարսում սնունդը, ավելի թույլ է պայքարում հիվանդությունների դեմ և ավելի զգայուն է դառնում թույների նկատմամբ։ Թուլացած մեղուներից կազմված ընտանիքն ավելի դժվար է դիմանում ձմռանն ու մակաբույծներին։ Այդ պատճառով գիտնականները միկրոբիոմի խախտումը համարում են մեղվաընտանիքների կորստի հնարավոր պատճառներից մեկը։

‍

Իսկ ի՞նչն է խախտում այդ հավասարակշռությունը։ Նեկտար և ծաղկափոշի հավաքելիս մեղուն կարող է ենթարկվել գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական նյութերի ազդեցությանը՝ մոլախոտերի դեմ հերբիցիդներից մինչև միջատասպաններ։ Մեղվաբույծներն իրենք էլ փեթակները մշակում են որոշ նյութերով (օրինակ՝ թրթնջկաթթվով՝ վարոա մակաբույծի դեմ), իսկ ձմռանը սննդի պակասը լրացնում են շաքարային օշարակով։ Մեր հարցը հետևյալն էր․ ինչպե՞ս է այս ամենն ազդում աղիքի մանրէների վրա։

‍

Շարունակությունը կարդացե՛ք infocom.am-ում

Back to News